1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական, քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատակիցների կողմից 2025 թվականի հունիսի 23-ին կազմված արձանագրության հիման վրա, «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․
2․ Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական, քաղաքաշինության և հողաշինության բաժիննների աշխատակիցների կողմից 2025 թվականի հունիսի 23-ին կազմված արձանագրության համաձայն՝ նույն օրը ժամը 11։00–ի սահմաններում շրջայց է իրականացվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Ա․Վ․Վ․» ՍՊ ընկերությանը վարձակալական իրավունքով տրամադրված 04-039-0095-0001 կադաստրային ծածկագրով ջրային նպատակային նշանակության և 04-039-0095-0002 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատարածքներ, որտեղ հայտնաբերվել է, որ նշված տարածքները «Ա․Վ․Վ․» ՍՊ ընկերության կողմից օգտագործվել են ոչ նպատակային նշանակությամբ, այն է՝ առկա էին ավազակոպճային զանգվածի կույտեր և տեսանելի էին, դրանց արդյունահանման հատվածները։
Արձանագրված դեպքով Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի կողմից 2025 թվականի հունիսի 23–ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2025 թվականի հուլիսի 01-ին ժամը 11։00–ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով պատշաճ ծանուցվել է «Ա․Վ․Վ․» ՍՊ ընկերությունն՝ ի դեմս տնօրեն Կարեն Մելքոնյանի, որին ներկայացել են տնօրենը և Ընկերության լիազորված անձ՝ Մայիս Հովհաննիսյանը։ Անցկացված նիստի ընթացքը հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ ձայնագրվել է «Ա․Վ․Վ․» ՍՊ ընկերության լիազորված անձ՝ Մ․Հովհաննիսյանի կողմից, իսկ ավարտից հետո կազմվել է համապատասխան արձանագրություն, որը 2025 թվականի հուլիսի 03–ին «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով /ստացական՝ LO128556462AM/ ուղարկվել է «Ա․Վ․Վ․» ՍՊ ընկերությանը՝ վարչական վարույթի լսումներին մասնակցած տնօրենի և լիազորված անձի կողմից այն ստորագրելու և վարչական հանձնաժողովին հետ վերադարձնելու նպատակով, սակայն հանձնաժողովի արձանագրությունը դեռևս չի ստացվել։
3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել։
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով: Այդ դեպքում թույլատրվում է մինչև երկու անգամ երկարաձգում՝ հիշյալ ժամկետի պահպանմամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 47-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության, 53-րդ և 58-60-րդ հոդվածների պահանջներով։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով՝ «Ա․Վ․Վ․» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգել մինչև 10 օր ժամկետով։
2․Աույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:
3․Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մեծամոր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում։