1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի կողմից 2023 թվականի մայիսի 17-ին կազմվել է արձանագրություն, որի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով 23․05․2023 թվականին «ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի կողմից 17.05.2023 թվականին կազմված արձանագրության համաձայն՝ Արգավանդ բնակավայրի վարչական տարածքում «ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից (գործունեության հասցե՝ ք.Երևան, Վարդանանց փ․, 2-րդ նրբ․, 6-րդ շ․ 11 բն․) առանց համապատասխան թույլտվության իրականացվում էին հողային աշխատանքներ, իսկ լճի ափից իրականացվում էին ավազակոպճային խարնուրդի մաքրման աշխատանքներ:
2023 թվականի մայիսի 23-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2023 թվականի հունիսի 06-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որի մասին պատշաճ ծանուցվել է «ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությունը, սակայն ընկերության տնօրենը կամ ներկայացուցիչը չեն ներկայացել գործի քննությանը։ Վարչական վարույթ հարուցելու մասին որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցում) նաև ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։ Ուղարկված փոստային ծանուցագրի հետադարձ կտրոնը «Հայփոստ» ՓԲ ընկերությունից դեռևս չի ստացվել։
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով, վարույթն իրականացնող մարմնի կողմից իրավախախտման կատարման վայր հանդիսացող հողատարածք այցելության արդյունքում, պարզվել էր, որ «ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության աշխատակիցները իրավախախտման կատարման օրը դադարեցրել էին աշխատանքները՝ վերացնելով իրավախախտման հետևանքները և հողատարածքը բերելով նախկին տեսքի։
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ, իսկ 5-րդ կետի համաձայն՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, հիմքեր կան, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական, դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե`անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում։
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով՝ իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ և արձակում կարգադրություններ.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 279-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. «ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության նկատմամբ 23․05․2023թ․-ին հարուցված թիվ 36/23 վարչական վարույթը կարճել:
2.Սույն որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Մեծամոր համայնքի ղեկավարին կամ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ ՀՀ Վարչական դատարան:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից: